Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Հոնկոնգում Ասիական ֆինանսական ֆորումի շրջանակում պատմել է, որ նավթի գները երեք տարի անց կվերադառնան միջին` մեկ բարելի դիմաց 50-60 դոլարի ցուցանիշին:
«Ես կարծում եմ, որ մեկ բարելի դիմաց 50-60 դոլարի մակարդակն ավելի արդարացի է շուկայի համար: Հնարավոր է, որ 2-3 տարի անհրաժեշտ լինի այդ մակարդակին վերադառնալու համար», — ասել է նա, հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով Bloomberg TV-ին:
Փոխվարչապետը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է բյուջեի կրճատման բոլոր տարբերակների առաջ, այդ թվում նաեւ` ռազմական սեկտորի ծախսերի կրճատման:
Ավելի վաղ ֆորումին Դվորկովիչը հայտնել էր, որ կառավարությունը, չնայած ճգնաժամին, 2016-ին ռուսական տնտեսության աճ է ակնկալում:
WTI ապրանքանիշի թեթեւ նավթի փետրվարյան ֆյուչրսների արժեքը Նյու Յորքի ապրանքային (NYMEX) բորսայում հունվարի 18-ին նվազել է 0,88 տոկոսով մինչեւ մեկ բարելի դիմաց 29,16 դոլար:
Լոնդոնյան ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի ֆյուչրսները փետրվարին մատակարարմամբ նվազել են 1 տոկոսով մինչեւ մեկ բարելի դիմաց 28,65 դոլար:



























