Երեւանի քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներից 123-ում տնօրեններն իրենց աշխատավարձերին նախատեսել են հավելումներ, որոշները՝ համեստ, որոշները՝ ճոխ: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երբ դպրոցները սկսեցին ֆինանսավորվել աշակերտ թվով ու դարձան ՊՈԱԿ-ներ, դրանք հայտարարվեցին ինքնակառավարվող ու ինքնավար ուսումնական հաստատություններ, որոնք պետք է ունենային կառավարման խորհուրդներ եւ դպրոցի տնօրենը հաշվետու էր լինելու կառավարման խորհրդին: Փաստն այն է, որ, ցավոք, ոչ կառավարման խորհուրդները տեր կանգնեցին իրենց կոչմանը, ոչ՝ ինքնավարությունն ու ինքնակառավարումը կայացավ:
Տնօրենին տրվեց իրավական նորմերի եւ հրամանների կիսափաթեթ, որով ֆինանսավորման նորմատիվները սահմանվեցին կիսատ-պռատ, ոչ այնպիսին, ինչպիսիք ունեինք այն ժամանակ, երբ ուսումնական հաստատությունները պարզապես պետական էին ու ամեն քայլ թելադրվում էր վերեւից: Ինչո՞ւ եմ ասում կիսափաթեթ, որովհետեւ գործող 13.06.2002 թվականի նորմատիվներով, որը տարեցտարի սեղմվում է, ի նկատի ունեմ փոխտնօրենների, սպասարկող անձնակազմի կրճատումները, չի սահմանվում, թե, օրինակ, դասղեկի, մեթոդ միավորման նախագահի ու ուսուցիչների գրավորների համար լրացուցիչ վարձատրության համար որքան պետք է նախատեսվի:
Սա ֆինանսական վարչությունների ձեռքերին ազատություն է տվել, ասում են նորմատիվ փաստաթղթով սահմանված չէ ու եթե դպրոցի բյուջեն չի բավարարում, ապա շատ հանգիստ այդ գումարները չեն նախատեսվում: Ստացվում է, որ մանկավարժ դասղեկը, մեթոդ միավորման նախագահն ու գրավոր աշխատանքներ ստուգող ուսուցիչը, նամանավանդ այսօր, երբ բոլոր առարկաներից տրվում են թեմատիկ գրավորներ, որոնք ամփոփիչ են դառնում աշակերտի համար, կարող են չվարձատրվել: Ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ դպրոցն առանց դասղեկի, մեթոդ միավորումների նախագահների, գրավոր աշխատանքներ տալու անհնար է պատկերացնել, բայց աշխատանքի դիմաց աշխատավարձ չեն տալիս, սակայն պահանջում են անել դասղեկություն, ղեկավարել մեթոդ միավորում եւ գրավորներ տալ ու ստուգել: Այս երեւույթը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Դպրոցի տարիֆիկացիոն ցուցակը, հաստիքացուցակն ու նախահաշիվը տնօրենի ֆինանսական գործունեության հայելին են, այդ փաստաթղթերի ուսումնասիրությունն, առանց դպրոց մտնելու, շատ խոսուն հուշում են, թե որքանով է դպրոցի բյուջեն ծախսվում կրթության արդյունավետ կազմակերպման նպատակով:
Ահա այստեղ է երեւում տնօրենի ճկուն, ի օգուտ որակյալ արդյունավետ կրթության նպատակներին գործելու սրտացավ տնտեսվարությունը:
Ուսումնասիրելով Երեւանի կայքում տեղադրված քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներից 158-ի ֆինանսական փաստաթղթերը՝ հաստիքացուցակները, տարիֆիկացիոն ցուցակների թվային տվյալները, ճշտված նախահաշիվները տեսնում ենք, որ բացի 35 դպրոցների տնօրեններից, մնացածն իրենց աշխատավարձերին նախատեսել են հավելումներ, որոշները՝ համեստ, որոշները՝ ճոխ: Մասնավորապես, 621 (թ.108), 554 (թ.117), 429 (թ.64) աշակերտի կրթությունը կազմակերպող տնօրեններն իրենց աշխատավարձի հավելում չեն նախատեսել, հավելումը շատ համեստ՝ 30000 դրամ են նախատեսել այնպիսի դպրոցների տնօրեններ, որտեղ աշակերտների թիվն անցնում է 1000-ից՝ թ. 8, թ.11, թ.89, թ. 131,թ.162, թ. 166,թ. 174, թ. 176: Ճոխ հավելումներ եւս կան՝ 50000-80000, այն էլ որոշ դեպքերում աշակերտների թիվը շատ հեռու է 1000-ից, օրինակ՝ 613 (թ.27) աշակերտի կրթություն կազմակերպող տնօրենը՝ 60.000 դրամ, իսկ 152 (թ.26) եւ 169 (թ.34) աշակերտի հետ աշխատող տնօրենները համապատասխանաբար՝ 20.000 եւ 30.000 դրամ հավելում են նախատեսել այն դեպքում, երբ այս դպրոցներն առանց քաղաքապետարանի ֆինանսական օգնության չէին կարող տարին փակել: Ընդհանրապես, 2015թ. 12 դպրոցներ տարին փակել են քաղաքապետարանի բյուջեի ֆինանսական օգնությամբ, որոշ դեպքերում օբյեկտիվ, որոշներում՝ տնօրենների ապիկար աշխատանքի պատճառով:
Իսկ Երեւանի թ.7 դպրոցում, որտեղ սովորում են 453 աշակերտներ, տնօրենը ուսումնական գծով փոխտնօրենին նախատեսել է պաշտոնական դրույքաչափի 0.75 միավոր, իսկ իրեն ու հաշվապահին՝ համապատասխանաբար ՝ 50000 եւ 40000 հավելավճար, ինձ հետաքրքիր է, թե կրթության վարչության այն մասնագետը, որը կցված է Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին, տեսե՞լ է այս փաստը, թե՞ ինքն էլ է համամիտ տնօրենի հետ ու ամեն ինչ թողնվել է տնօրենի հայեցողությանը՝ հակառակ նորմատիվ փաստաթղթի, որով այդ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենը պետք է ունենար լրիվ հաստիք:
Ես իհարկե դեմ չեմ տնօրենին հավելավճար տալուն, բայց այդ գումարը պետք է տրվի ինչ-որ շոշափելի գործ անելու համար, հետեւաբար, առաջարկում եմ, իրենց հատկապես ճոխ հավելավճար նշանակած տնօրենները գրավոր կերպով Երեւանի քաղաքապետին զեկուցագիր ներկայացնեն, թե իրենց հատկապես ո՞ր արածն են գնահատել այդ գումարով, ընդ որում այն շահառուների համար լինի չափելի ու տեսանելի: Կարելի է որպես գնահատման չափորոշիչ դիտարկել դպրոցների ներքին եւ արտաքին գնահատման սանդղակներում իրենց գրաված տեղերը:
Ընդհանրապես Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն իր կանոնադրության համաձայն պետք է ապահովի Երեւանի ենթակայության ուսումնական հաստատությունների կողմից կրթության կառավարման լիազորված մարմնի հրամանների ու պահանջների կատարումը, մասնավորապես, կրթության վարչության մասնագետը տնօրենի հետ պետք է ճշտի դպրոցների տարիֆիկացիոն ցուցակների համապատասխանությունն ընդունված նորմերին, որովհետեւ այդ կարեւոր ֆինանսական փաստաթղթի վրա նախ ստորագրում է կրթության վարչության պետը, ապա՝ հաստատում ֆինանսական վարչության պետը: Եվ հատկապես կարող է հետաքրքրվել, թե ինչու՞ այդ հավելումը չի տարածվում բոլոր փոխտնօրենների վրա, եթե դպրոցն ունի ազատ ֆինանսական միջոցներ եւ բոլոր դպրոցներում հաշվապահներն արժանացել են 30000-60000 դրամ հավելավճարների:
Չճշտված փաստաթղթի վրա ստորագրություն դնելը պատվաբեր չէ պաշտոնյայի համար:




























