Արդյոք Ազատության հրապարակում Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի բոլոր դրվագներում ոստիկաննների կողմից ֆիզիկական ուժի կիրառումն ունեցել է իրավաչափ նպատակ։ «Նոր Հայաստան»-ը նման հարցադրմամբ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանին:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«2016 թվականին՝ Ամանորի գիշերը, Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ստացել ենք դիմում, որ ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ բռնություն են գործադրել։

Համացանցում տարածված միջադեպի տեսագրություններից մեկում (1:15-2:50 րոպեներ) երեւում է, որ ոստիկանության առանձին ծառայողներ ձեռքերով եւ ոտքերով հարվածում են քաղաքացիներին (նրանց թվում նաեւ՝ Գեւորգ Սաֆարյանին), իսկ ոստիկաններից մեկին՝ Գեղամ Խաչատրյանին, մյուս ոստիկանները պարբերաբար հեռացնում են միջադեպի վայրից, սակայն նա կրկին վերադառնում եւ հարվածում է քաղաքացիներին։

Հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերը պահանջում են ոստիկանության ծառայողից ֆիզիկական ուժ գործադրել բացառիկ դեպքերում, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել, իրավախախտների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրել կարելի է իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու եւ ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքում եւ ինքնապաշտպանության նպատակով եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը («Ոստիկանության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 29 եւ 30):

Բացի այդ ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, ունենալ պատշաճ իրավագիտակցություն եւ իրավական կուլտուրա («Հայաստանի հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը,

Հաշվի առնելով վերը նշված իրավակագավորումները եւ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների իրավունքների պաշտպանության կարեւորությունը՝ խնդրում ենք 5-օրյա ժամկետում պարզաբանել, թե ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված եղել ոստիկանության առանձին ծառայողների կողմից Ազատության հրապարակում մարդկանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառման բացարձակ անհրաժեշտությունը եւ արդյո՞ք միջադեպի բոլոր դրվագներում այդ ֆիզիկական ուժի կիրառումն ունեցել է իրավաչափ նպատակ։