Գյումրիում ռուսական ռազմակայանում ընթացող՝ Ավետիսյանների սպանության գործով դատաքննության ընթացքում իրավապաշտպան Արթուր Սաքունցը դատավոր Հարություն Մովսիսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

Իր միջնորդությունն իրավապաշտպանը հիմնավորել է դատավորի սուբյեկտիվ վերաբերմունքով: Փաստաբան Լուսինե Սահակյանը միացել է միջնորդությանը, բայց մի փոքր փոխել է հիմնավորումը՝ հայտարարելով, որ դատավորն իրեն թույլ է տալիս խախտել քրեադատավարական օրենսգիրքը, եւ դա անում է ոչ թե չիմացությամբ, այլ, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ:

Միաժամանակ դատավորն օգտվում է ամեն մի հնարավորությունից, որպեսզի դատական նիստում ընդմիջում հայտարարի, երեւի, որոշումները համաձայնեցնելու համար:

Նրա խոսքով, դատավորի գործողությունները վկայում են դատավորի՝ որոշումներ կայացնելու հարցում ակնհայտ կաշկանդվածության մասին:

Փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը միացել են միջնորդությանը: Նմանատիպ կարծիքի են նաեւ տուժածների իրավահաջորդները:
Ամբաստանյալ Վալերի Պերմյակովն անդրադառնալով այդ միջնորդությանը վերաբերող հարցին, ասել է. «Ես չեմ առարկում»: Նրա փաստաբանը ձեռնպահ է մնացել կարծիք հայտնելուց, իսկ ահա դատախազը առարկել է:

Դատարանում հերթական ընդմիջումն է հայտարարվել: Նիստը կվերսկսվի մեկ ժամից: