Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Հայաստանի ներքաղաքական կյանքում թռիչքաձեւ հաջողության քիչ շանսեր ունի: Այս մասին հունվարի 18-ին լրագրողներին հայտնել է քաղաքագետ, միջազգային ու անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Փորձագետի խոսքով, եթե նրան համեմատենք Գագիկ Ծառուկյանի հետ, ապա Ծառուկյանի մոտ բարերարի ֆենոմենը տարիներով էր ձեւավորվել: Իսկ Աբրահամյանի մոտ այն թելադրված կլինի տվյալ պահով, եւ կողքից դա բացահայտ կերեւա: Այն դիտարկմանը, որ Աբրահամյանը, որը բիզնես ունի Ռուսաստանում, Հայաստանի իշխանությունների վարչական լծակներից կախում չի ունենա, ինչպես Ծառուկյանը, Սաֆարյանը առարկեց. «Հասարակության աչքերում Աբրահամյանը ռուսամետ նախագծի պատանդը կլինի»:
Սաֆարյանի կարծիքով, Հայաստանում ընդդիմության ու ընդհանուր քաղաքականության մեջ գաղափարների աղքատություն է նկատվում: Նախկին առաջնորդների համար դժվար է հասարակության վստահությունը վերականգնելը: Իսկ եթե խոսենք նորերի մասին՝ ապա «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» հենց թիմային ուժին են ապավինում: Բայց առաջինը վառ արտահայտված առաջնորդ չունի, դրա համար էլ նրանց պետք է շատ լավ թիմ հավաքել, ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները երեւում են: Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին», ապա Նիկոլ Փաշինյանը օժտված է խարիզմայով, բայց խնդիրն այն է, որ նրան անընդհատ հիշեցնում են Հայ ազգային կոնգրեսի հետ նրա նախկին քաղաքական կապերը:




























