Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանությունը զգալիորեն թուլացել է: Այդ մասին հունվարի 18-ի մամուլի ասուլիսին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Մինչեւ հանրաքվեն, պատգամավորի խոսքով, Սերժ Սարգսյանն ընտրության առաջ էր կանգնած. կամ կորցնել իշխանությունը, կամ կառավարման խորհրդարանական ձեւի անցնելով` պահպանել այն, բայց արդեն թուլացած: «Եթե Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենար պահպանելու նախագահական կառավարումը եւ այդ համակարգում իր անձնական իշխանությունը, նա երբեք հանրաքվեի չէր գնա: Նա գնացել է իր իշխանությունը թուլացած տարբերակով պահպանելու ուղիով: Նրան անհրաժեշտ էր անձայն բաց անել իր իշխանության ուղին եւ երկրորդ` վերահսկվող ընդդիմություն ստեղծել եւ հաղթել 2017-ի խորհրդարանական ընտրություններին` շնորհավորանքներ ստանալ այդ վերահսկվող ընդդիմությունից», - նշել է Զուրաբյանը:
Ընտրական օրենսգրքի մշակման համատեքստում Սերժ Սարգսյանն իր համար բարդ իրավիճակ է ստեղծել: «Մենք 4 հիմնական սկզբունք ենք ներկայացրել Ընտրական օրենսգրքում ներառելու համար, եթե ուզում ենք ազատ եւ արդար ընտրություններ կատարել», - ասել է Զուրաբյանը: Նա նաեւ հավելել է, որ Ընտրական օրենսգիրքը պիտի դրույթներ ներառի ամեն ընտրատեղամասում վեբ տեսախցիկներ տեղադրելու եւ առցանց հեռարձակման մասին, որպեսզի ցանկացած քաղաքացի տեսնի, թե ինչ է կատարվում ընտրական տեղամասում:




























