Գործարար Լեւոն Հայրապետյանը հերքում է նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւի մորից 700 հազար դոլար շորթելու գործում իր ունեցած մասնակցությունը։ Այս մասին նա հայտնել է Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի դահլիճում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես հանցանք չեմ գործել, ես անմեղ եմ»,- ասել է նա։
Հետաքննության տեղեկություններով՝ 2010թ. հունիս-օգոստոս ամիսներին «Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ խարդախ ճանապարհով չարաշահելով Մոսկվայի բնակչի վստահությունը, նրան մոլորության մեջ է գցել՝ խոստանալով դրամական պարգեւի դիմաց հասնել նրա որդու համար ավելի մեղմ դատավճռի։ Իրականում դատական գործի վրա ազդելու հնարավորություն Հայրապետյանը չուներ։
Հայրապետյանի դեմ հարուցվել է եւս մեկ գործ։ Նրան մեղադրում են 2009թ. ապրիլին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին մասնակցելու մեջ։ Արբիտրաժային գործընթացից հետո «Բաշնեֆտ»-ը վերադարձվել էր պետությանը։
700 հազար դոլար յուրացնելու գործով Հայրապետյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։




























