Երեւանի բնակիչ Աշոտ Ղարագյոզյան հայց է ներկայացրել ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի` պահանջելով առ ոչինչ ճանաչել  2015թ. մայիսի 11-ին կայացված թիվ 1286-Ա որոշումը: ՀՀ վարչական դատարանում այսօր` հունվարի 18-ին, տեղի է ունեցել Աշոտ Ղարագյոզյանի ` ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հայցի լսումը որը, սակայն, վարչական դատարանը գտել է, որ ենթակա է վերադարձման, քանի որ հայցադիմումին կցված չեն եղել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը, կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Դատալեքս» հանրային տեղեկատվական  համակարգից:

Աշոտ Ղարագյոզյանի կողմից ներկայացված հայցադիմումում որպես պատասխանող նշված է Երևան համայնքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը որպես վարչական մարմին, իսկ հայցվորը հայցադիմումին կից չի ներկայացրել պետական ֆինանսների կառավարման մարմնին հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկելը հավաստող որևէ փաստաթուղթ:

Փաստաթղթերը կարգավորելուց հետո քաղաքացին կրկին դիմել է վարչական դատարան՝ դատավոր Սամվել Առաքելյանին ներկայացնելով տուրքից ազատելու կամ տարաժամկետելու միջնորդություն: