Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախարարների կաբինետին կարգադրել է նախապատրաստվել երկրում սեփականաշնորհման լայնածավալ ծրագրին՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ, հայտնում է APA գործակալությունը:
Այս գործունեության համար անհրաժեշտ է ներգրավել օտարերկրյա ու տեղական ներդրողներին, նաեւ քայլեր ձեռնարկել տնտեսության աշխուժացման ու բիզնես միջավայրի բարելավման համար, հայտնել է Ալիեւը սոցիալ տնտեսական խնդիրների լուծմանը նվիրված խորհրդակցությունում:
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ չնայած նավթի գները մեկ տարում չորս անգամ էժանացել են, հանրապետությունն ամենաքիչ կորուստներն է կրել՝ նավթ արդյունահանող այլ երկրների համեմատ:
Նրա կարծիքով մանաթի փոխարժեքի պահպանումը կայուն մակարդակում կախված է ոչ միայն կառավարությունից: «Դիտարկվում են բանկային ոլորտի կանոնակարգմանն ուղղված առաջարկները: Կարեւոր է քայլեր ձեռնարկել խնդրահարույց բանկերի ապաքինման, պետպարտաթղթերի թողարկման, ավանդների ապահովագրման ուղղությամբ: Նմանատիպ քայլերը կբարձրացնեն ազգային արժույթի նկատմամբ վստահությունը»,- ասել է Ալիեւը:
Նա համարում է,որ հաշվի առնելով երկրի արտաքին պարտքի ցածր մակարդակը ու ներկա իրավիճակը, ադրբեջանական շուկան կարող է բավականաչափ ռեսուրսներ գրավել օտարերկրյա ֆինանսական շուկայից:
Ինչպես հայտնել էին, դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել մանաթին «ազատ նավարկության» թողնել:



























