Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին մահացած ծննդկանի ամուսինը ոստիկանությունում հայց է ներկայացրել «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Պապոյանի դեմ: NEWS.am-ի հետ զրույցում Արցախ Քոչարյանը պատմեց, որ Անդրանիկ Պապոյանը մի քանի օր շարունակ ստուգել է կնոջ թոքերը ու հավատացրել, որ ամեն ինչ կարգին է, մինչդեռ 3 օր անց, երբ իրենց պահանջով ռենտգեն հետազոտության է ենթարկել կնոջը, թոքաբորբ է ախտորոշել:

«Դեկտեմբերի 26-ին տաքություն է ունեցել, երեկոյան տարել ենք ծննդատուն: Մասնագետ են բերել՝ Պապոյանին, թոքերը ստուգել է, ասել է՝ պրոբլեմ չունի: Երկու օր էդպես ստուգել է:  Կինս ասում էր, որ թոքերը ցավում են, ես էլ որ մտա մոտը, իմացա, կռվով ասեցի՝ բերեք, ռենտգեն արեք, նոր ռենտգեն են արել: Ռենտգեն արեց ու ասեց՝ միանգամից տեղափոխեք Երեւան, թոքաբորբ է»,- պատմեց Արցախ Քոչարյանը:

Ամուսնու խոսքով, բժիշկը վրդովվել է, երբ կինը հարցրել է՝ ինչպես է պատահում, որ մի քանի օր է՝ ինքը հիվանդանոցում է ու թոքաբորբը այդքան ժամանակ հետո է հայտնաբերվում:

«Հարցրեց՝ բա որ իմ մոտ ծանր էր, ինչի՞ մենակ անալգին դիմեդրոլ արեցիք ինձ 3 օր, Պապոյանը մունաթ եկավ, ասեց՝ ես լսել եմ, չի լսվել, կարո՞ղ ա դատի էլ տաք հիմա»,- ասաց Արցախ Քոչարյանը:

Արցախ Քոչարյանը պատմեց, որ կնոջն իր մեքենայով է հասցրել Երեւան, քանի որ «Արմավիր» ԲԿ-ի «Շտապօգնության» ավտոմեքենայի մեջ վառելիք չի եղել:

«Տարանք Հանրապետական հիվանդանոց, ասացին՝ թոքերի 30-ը տոկոսն է մնացել, վիճակը ծանր է: Մի օր ու կես են պահել էնտեղ: Մի օր հետո տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ»,- պատմեց Արցախ Քոչարյանը:

Դեկտեմբերի 31-ին ծննդկանին՝ 26-ամյա Արաքսյա Դանիելյանին կեսարյան հատում են  արել, հունվարի 13-ին նա մահացել է, փոքրիկի վիճակը կայուն է:

Արցախ Քոչարյանի խոսքով՝ բժշկից բողոքում են նաեւ այլ հիվանդներ:

Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության հաղորդագրության՝ ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1 չի հայտնաբերվել: