Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առաջիկայում ձյան տեսքով տեղումներ են սպասվում մայրաքաղաքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը նախապատրաստական աշխատանքներ տանել ու պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայություններին եւս հանձնարարվել է նախապատրաստվել ու վերահսկել ձնամաքրման պատշաճ իրականացումը:

 «Տնտեսվարողներին եւ հիմնարկ ձեռնարկություններին եւս հիշեցրեք իրենց պարտավորությունների մասին: Խստորեն նախազգուշացրեք, որ ապահովեն իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները, այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչն իր հերթին քաղաքապետին խնդրել է աջակցել մայրաքաղաքում աղբամանների պահպանման հետ կապված խնդիրների կարգավորման հարցում: Ընկերության ներկայացուցիչը, մասնավորապես, նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերից մինչ օրս մայրաքաղաքում այրվել է 100 եւ անհետացել 25 աղբաման: Ի պատասխան խնդրանքի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միջնորդեց Երեւան քաղաքի ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել նշված դեպքերի բացահայտման ուղղությամբ: