Թաղանթապատված հողմաապակիներով մեքենաների 79 վարորդից 63-ը համաձայնել են տեղում ազատվել անթափանց թաղանթներից։ Այս մասին NEWS.am-ի թղթղակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունը տուգանելու էր այն վարորդներին, որոնց մեքենաների ապակիների լուսաթափանցությունը գերազանցում է օրենքով սահմանված չափը։ «ժամը 17։00-ի դրությամբ հայտնաբերվել է թաղանթապատված հողմապակիով 79 մեքենա, որից 63-ի վարորդները հենց տեղում ազատվել են թաղանթներից։ 16 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որոնք 24 ժամվա ընթացքում պետք է ազատվեն թաղանթներից՝ այդպիսով խուսափելով տուգանքներից»,-հայտնել են լրատվական ծառայությունից։

Նշենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30.000 դրամի) չափով: