Դեկտեմբերի 31-ի գիշերը Երեւանի Ազատության հրապարակից ձերբակալված, ապա կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է հոգեբանական ճնշում։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Նրա խոսքով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գեւորգին տրամադրվել է առանձին խուց, հետո նրան տեղափոխել են ընդհանուր խուց, իսկ երբ կալանավորվածին այցելել է ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Գեւորգի հետ նույն խցում են տեղավորել եւս երեք դատապարտյալների:
«Գեւորգը դիմում է գրել ՔԿՀ-ին, հիմնավորել, թե ինչու է իր կյանքին վտանգ սպառնում: Նա կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ նույն խցում է գտնվում եւ հնարավոր է, որ բացի հոգեբանական ճնշումներից, նաեւ ֆիզիկական ճնշումներ լինեն նրա նկատմամբ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։
Փաստաբանի խոսքով, Գեւորգ Սաֆարյանն այժմ գտնվում է 006 խցում, որտեղ իրենից բացի կան եւս 6 կալանավորներ: Փաստաբանը նշեց, որ դիմելու է դատարան, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի գրավ, անհրաժեշտության դեպքում կդիմեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան թույլ է տալիս առանձին դեպքերում գործերը քննել արագացված կարգով։
«Նաեւ ՀՀ գլխավոր դատախազին հայտնի դերասան Երվանդ Մանարյանի եւ ԱԺ 3 պատգամավորների ստորագրություններով միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի փոխվի Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը»,-ասաց Տիգրան Հայրապետյանը:




























