Վանաձորի Ուսանողական 90 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Տատյանա Պիսարևան, որն անչափահաս երեխաներին մուրացկանության դրդելու մեղադրանքով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր մեկ տարի պայմանական ազատազրկման, առաջիկայում կրկին կհայտնվի դատարանում, այս անգամ ծնողական իրավունքներից զրկելու հարցով:

Վանաձորի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովում Տ. Պիսարևային ծնողական իրավունքներից զրկելու ու երեք անչափահաս երեխաներին մանկատուն ուղարկելու հարցի քննարկմանը երեխաների մայրը մի քանի անգամ չի ներկայացել: Հանձնաժողովն ստիպված է եղել հարցը քննել եւ որոշում կայացնել առանց նրա ներկայության: Հաշվի առնելով, որ երեք երեխաների մայրը «մշտապես զբաղվում է  հարբեցողությամբ, դրսևորում է  հակասոցիալական վարք, պատշաճ չի զբաղվում երեխաների խնամքով ու դաստիարակությամբ, դրդում է  նրանց մուրացկանության», հանձնաժողովը որոշել է ծնողական իրավունքներից զրկելու ու նրա երեք անչափահաս երեխաներին մանկատուն ուղարկելու հարցին տալ դրական եզրակացություն:

Եթե դատարանը բավարարի Վանաձորի քաղաքապետարանի հայցը, Պիսարեւային կզրկեն երեք անչափահաս երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից, իսկ 5,7, եւ 11 տարեկան երեխաներին կուղարկեն Վանաձորի մանկատուն: