Ադրբեջանի գրեթե ողջ տարածքում գների կտրուկ բարձրացման դեմ ծայր առած բողոքի ակցիաները Aztv պետական հեռուստաընկերության եթերում խուճապի եւ հիստերիայի պատճառ են դարձել։ Այսօր առավոտյան «Խաբերլար» լրատվական ծրագրի թողարկումը սովորական 20  րոպեի փոխարեն տեւել է 40 րոպե։ Այն սկսվել էր նախագահ Իլհամ Ալիեւի՝ սեփական ժողովրդի հանդեպ ունեցած սիրո եւ հոգատարության մասին սյուժեով (որոնցից բխում էր նրա նախօրեի ելույթը)։ Երկրում իրավիճակի վատթարացման ֆոնին նախագահի աշխատակազմի անմիջական ենթակայության տակ աշխատող ադրբեջանցի լրագրողների «ստեղծագործ ուղեղը»  նոր «բարձունքներ» է գրանցել։

Պետության ղեկավարի ելույթի մանրամասն լուսաբանումից հետո եթեր դուրս եկավ եւս մեկ 10-րոպեանոց սյուժե, որում Բաքվի բնակիչները «էքստազի» մեջ շնորհակալություն են հայտնում «սիրելի, թանկագին, հարգելի» նախագահին փետրվարի 1-ից առանձին քաղաքացիների կենսաթոշակը 10 տոկոսով բարձրացնելու հրամանի եւ բյուջետային աշխատողների մի մասի աշխատավարձերը բարձրացնելու համար։  Դժվար չէ պատկերացնել, թե որքան անկեղծ են Ադրբեջանի քաղաքացիները տեսախցիկների առջեւ արտահայտում իրենց կարծիքն այն ժամանակ, երբ Գուբայի շրջանի բնակիչները օրերս կալանավորվել էին համացանցում բողոքի զանգվածային ակցիայի տեսանյութ տեղադրելու  համար։

Այնուհետեւ «Խաբերլար» հաղորդումը սյուժե է ցուցադրել «կաշառակերության դեմ պայքարի» մասին, որից երկրի բնակիչները տեղեկանում են «գները սպեկուլյատիվ ճանապարհով բարձրացնելու» համար կալանավորված ձեռներեցների մասին, որոնք մանաթի դեվալվացիայի պարագայում բարձրացրել են սերուցքային կարագի եւ հավկիթի գները։ Միջազգային նորությունների բաժինը, ինչպես միշտ, ազդարարում էր Հայաստանում տիրող  իրավիճակը։

Սակայն, ակնհայտորեն դանդաղ գիտակցելով սեփական երկրի պատկերը, խմբագիրները շատ երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ հրաժարվել են եթերում ամեն օր հնչող «բոլոր առումներով ամբողջովին սնանկացած Հայաստանի» մասին արտահայտությունից։ Այս անգամ նրանք ստիպված էին բավարարվել միայն հարեւանների մոտ «խոզի գրիպի» մասին կարճ նյութով։ Այսպես կոչված «հունվարի 20-ի ողբերգության» նախօրեին (1990թ. քրիստոնյաների ջարդերը դադարեցնելու նպատակով խորհրդային զորքերի մուտքը Բաքու) այդ թեման երկար տարիների ընթացքում առաջին անգամ դուրս է մնացել։ Ինչպես ասում են՝ դրա ժամանակը չէ։