Պատգամավորների, քաղաքական գործիչների բառապաշարում նման արտահայտություններ պետք է չլինեն: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ «աչքերդ կհանեմ» արտահայտությանն այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը:
«Ես այս դեպքի վերաբերյալ իմ անձնական կարծիքն ունեմ, որն արտահայտելն էթիկապես ճիշտ չէ: Ամեն դեպքում, ես նման արտահայտությունները չեմ ընդունում, որովհետեւ նման բաները պետք է տեղ չգտնեն պատգամավորների, քաղաքական գործիչների բառապաշարում»,- ասաց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
Պատգամավորի խոսքով՝ երեկվա դրությամբ հանձնաժողովը ՀՔԱՎ-ի դիմումը չի ստացել: Այնուամենայնիվ, եթե այսօր դիմումը ստացվի, չի բացառվում, որ այն կներգրավվի վաղը կայանալիք նիստում:
«Բացի դրանից, կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը պետք է որոշակի գործառույթներ ստանա՝ պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիառելու համար»,- նշեց Վահան Բաբայանը:
Հիշեցնենք, որ օրեր պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Սույն խոսակցությունն սկսվել էր այն բանից հետո, երբ օգտատերը Արցախում զինծառայողի զոհվելուց հետո գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից...»:
Այս առնչությամբ հունվարի 13-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցով դիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով:




























