«Արմավիր» բժշկական կենտրոնի Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանն իրեն մեղավոր չի համարում նորապատցի 5-ամյա Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ։

Անահիտ Պետրոսյանը, որին երեխայի մահվան փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պարտականությունները չկատարելու համար,  NEWS.am հետ զրույցում ասաց, որ 2015թ. հունիսի 16-ին հիվանդանոց տեղափոխված երեխան իր մոտ մնացել է ընդամենը 2 ժամ։

 «էդ օրը հիվանդանոց եկավ իր ոտքով, բարձր ջերմությամբ, համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, բայց հետո ցնցումների մեջ է ընկել, ցնցումներից հանել ենք ու միանգամից Վերակենդանացման բաժանմունք տեղափոխել, հետո Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: Հիմա ես որ ռայոնի բժիշկ եմ, ինչ լինի, ի՞նձ պետք է մեղադրեք»,-ասաց բժշկուհին:

Նա պնդեց, որ երեխան ի ծնե հիվանդ է եղել, առողջական տարբեր խնդիրներ ունեցել։ Մինչդեռ երեխայի մայրը` Լուսինե Ամիրխանյանը, NEWS.am–ի հետ զրույցում ավելի վաղ վստահեցրել էր, որ երեխան մինչեւ հիվանդանոց տեղափոխվելն առողջ է եղել, այդ օրը բարձր ջերմություն է ունեցել։

Նա երեխայի մահվան համար մեղադրում է բժշկուհուն։ Երեխայի մոր խոսքով, Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել:

«Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում էրիկը Երեւանի «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել  եւ 18 օր կոմայի մեջ մնալոց հետո մահացել։

Նշենք, որ հունիսի 16–ին «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք եւս մեկ երեխա էր տեղափոխվել` ջրաշենցի 4–ամյա Կարինեն, որը նույն օրը մահացել էր։ Կարինեի ծնողները նույնպես երեխայի մահվան մեջ մեղավոր են համարում բաժնի վարիչ Անահիտ Պետրոսյանին։ Այս գործով նույնպես նրան մեղադրանք է առաջադրվել։

Երկու գործն էլ արդեն դատարանում են։ Բժշկուհին երկու դեպքում էլ չի ընդունում իր մեղավորությունը։ Դատաքննության մեկնարկից հետո բժշկուհին աշխատանքից հեռացվել է։

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում «Արմավիր» ԲԿ-ի բժիշկներին: Նախորդ անգամ 28-ամյա հղի Նարինե Շարոյանի մահվան համար մեղադրանք էր առաջադրվել մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին, որի գործը նույնպես դատարանում է: Հասմիկ Հակոբյանին մեղադրանք առաջադրվելուց հետո էլ հիվանդանոցի ղեկավարությունը նրան աշխատանքից չհեռացրեց։ Որոշ ժամանակ անց բժշկուհին հեռացավ սեփական նախաձեռնությամբ: