«Զվարթնոցի» օդանավակայանը շահագործման վերցրած կոնցեսիոները խախտել է պայմանագրի հիմնական կետերը եւ ստացած եկամուտները չի տրամադրել օդանավակայանի հին շենքի վերանորոգմանը: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց օդանավակայանի շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

«Կոնցեսիայի իմաստն այն էր, որ կոնցեսիոները վերցնում է գոյություն ունեցող օդանավակայանը եւ եկած եկամուտները ներդնում է հին օդանավակայանի արդիականացման համար: Նույնն է՝ ինչպես կարելի է վարձով վերցնել մեկ ուրիշի բնակարանը, հետո գալ ասել՝ որոշել եմ քո տունը քանդել: Վարձատուն էլ կնայի, կասի՝ ուրեմն իմ տունը քանդման ենթակա էր, ես համաձայն եմ, որ իմ տունը քանդես: Տալիս են, որ արդիականացնեն, դրա փոխարեն մի քանի տարի հետո գալիս է, ասում՝ ես քո սեփականությունը ոչնչացնում եմ»,- ասաց Անահիտ Թարխանյանը:

Անահիտ Թարխանյանը նշեց, որ սուտ է, թե շենքի էստակադան սեյսմիկ անվտանգ չէ, ինչպես պնդում է քաղաքապետարանը. «Բացարձակապես սուտ է, հին շենքը սեյսմիկ անվտանգ է եւ շատ չնչին աշխատանքներից հետո այն կարող է համապատախանեցվել սեյսմիկ նորմերին»:

«Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը նշեց, որ մեկ տարի առաջ, երբ էստակադայի վրա աննշան հանգույցներ էին փլվել, սեփականատերը էստակադան քանդելու հարց էր բարձրացրել, մասնագետների խումբը եզրակացություն էր տվել, որ էստակադան սեյսմիկ առումով անվտանգ է, այն հնարավոր է վերականգնել:

«Քաղաքապետարանի ստեղծված հանձնաժողովի մասնագետները գնացին, ուսումնասիրեցին, ասեցին, որ 80 տոկոսով նորմալ վիճակում է: Ի՞նչ պատահեց այս ընթացքում, որ սեյսմիկ վիճակը դարձավ անթույլատրելի: Անհասկանալի է, թե ինչից ելնելով են տվել թույլտվությունը»,- ասաց նա:

Գրիգոր Ազիզյանը նշեց, որ իրենք մտավախություն ունեն, որ երբ էստակադան քանդվի, կարող է դրա հետ կապված` շենքի մեկ այլ հատված եւս քանդվել ու շենքը կհայտնվի վտանգի տակ:

Հիշեցնենք, որ Անահիտ Թարխանյանը հայտարարություն էր տարածել, որ Երեւանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար:

Քաղաքապետարանը պարզաբանել էր, որ թույլտվությունը տրվել է միայն էստակադայի քանդման համար: