Ազգային անվտանգության ռազմավարության հիմնական խնդիրներից մեկը Ռուսաստանի սուբյեկտների՝ ըստ տնտեսական զարգացման տարբերակման մակարդակի կրճատումն է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սերգեյ Վախրուկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Որոշված են այն կարեւորագույն խնդիրները, որոնց լուծմանը պետք է ուղղվեն մեր հիմնական ջանքերը: Այդ խնդիրներից են տնտեսության մեջ անհավասարակշռությունների վերացումը, Ռուսաստանի դաշնության սուբյեկտների սոցիալ տնտեսական զարգացման հարցում միջտարածքային տարբերացման մակարդակի կրճատումը, արտաքին բացասական գործոնների նկատմամբ խոցելիության նվազեցումը, իրատեսական մասնակցությունը միջազգային տնտեսական համագործակցությանը, տնտեսական ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարձրացումը ու մի շարք այլ խնդիրներ»,- հայտնել է Վախրուկովը:
Բացի դրանից, նրա խոսքով ազգային անվտանգության ռազմավարությունը, որը հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թ. վերջին, երկրի զարգացման նպատակներից մեկն է համարում համախառն ներքին արդյունքի ծավալով ( ՀՆԱ ) համաշխարհային առաջատար երկրների շարքերը մտնելը:
«Ռազմավարական նպատակներն են զարգացնել երկրի տնտեսությունը, ապահովել տնտեսական անվտանգությունը եւ պայմաններ ստեղծել որպեսզի անձերը զարգանան, տնտեսությունն անցնի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակ, Ռուսաստան մուտքը գործի համախառն ներքին արդյունքի ծավալով առաջատար երկրների ցանկ ու հաջողությամբ դիմակայի ներքին ու արտաքին սպառնալիքների ազդեցությանը»,- նկատել է Վախրուկովը:
Ազգային անվտանգության փոփոխված ռազմավարությունը 2015 թ դեկտեմբերի 31-ին ստորագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթղթում որպես Ռուսաստանի անվտանգության համար հիմնական սպառնալիքներ նշված են ցածր մրցունակությունը ու տնտեսության հումքային կախումը, գունավոր հեղափոխությունների ներարկումը ու լեգիտիմ քաղաքական ռեժիմների տապալման պրակտիկան:
Երկրի ու նրա տնտեսական անվտանգության վրա բացասական ազդեցություն թողնող գործոններից հիշատակված են անբերախիղճ մրցակցության ուժեղացումն ու պատժամիջոցները:
Պուտինի ստորագրած ռազմավարությունում նշված է նաեւ, որ Ռուսաստանը «ապացուցել է, որ ունակ է ապահովել ինքնիշխանություն, անկախություն, պետական ու տարածքային ամբողջականություն եւ արտասահմանում իր հայրենակիցների իրավունքների պաշտպանություն»: Փաստաթղթում Ռուսաստանի զարգացման գերակայություն է հռչակված «աշխարհի առաջատար տերություններից մեկի կարգավիճակի ամրագրումը»:
Ռազմավարությունն անդրադառնում է նաեւ ՆԱՏՕ-ի կողմից բխող սպառնալիքին: Դաշինքի ներկայացուցիչն ի պատասխան նշել է, որ ՆԱՏՕ-ն «կտրականապես հերքում է ամբողջովին անհիմն գանգատները»՝ իբիեւ դաշինքի քաղաքականությունը սպառնում է Մոսկվայի անվտանգությանը:



























