Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» եղբորորդու սպանության գործով երկու ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Կամսար Հակոբյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը՝ նշելով, որ դատարանը վճիռը կայացրել է այսօր:

Դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում:

Նշենք, որ սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետախուզվողներից երկուսը՝ Անդրանիկ Երեմյանը եւ Կամսար Հակոբյանը, հայտնաբերվել էին Ռուսաստանում եւ Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ. օգոստոսի 29-ին եւ 2015թ.  փետրվարի 22-ին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Ա.Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերի հատկանիշներով։

Առաքել Սարգսյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է, կատարվում են համապատասխան օպերատիվ-որոնողական գործողություններ՝ նրան հայտնաբերելու համար։