Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում գտնվող հագուստի խանութի սեփականատերերը առավոտյան ժամը 7-ին խանութի անվտանգության ազդանշանների միանալուց հետո են եկել խանութ ու պարզել, որ խանութի ապակին կոտրված է, ներսում էլ՝ պայթուցիկ սարք:
«Սիգնալիզացիան միացել է, հեռախոսի վրա զանգ է եկել, եկել, տեսել ենք՝ սարք է դրված եղել, դրանով ապակին պայթեցրել են»,- NEWS.am-ին պատմեց խանութի սեփականատեր Սուսաննա Հովեյանը:
Տիկին Սուսաննան պատմեց, որ երկու օր առաջ էլ անհայտ մարդիկ փորձել են գազի բալոններով պայթեցնել խանութը:
«Քարով հարվածել են ապակիներին, որ կոտրվի, գազի բալոնները տեղադրեն խանութի մեջ, չի ստացվել: Դրանից սիգնալիզացիան միացել է, զանգ է եկել հեռախոսի վրա, եկել, տեսել ենք, որ գազի բալոններ են դրված խանութի դիմաց»,- պատմեց տիկին Սուսաննան:
Սուսաննա Հովեյանը նշեց, որ կատարվածի մեջ շատերին է կասկածում՝ այդ թվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որի հետ, ըստ տարածված լուրերի, խանութի սեփականատերերը ժամանակին խնդիրներ են ունեցել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի խանութներից մեկում հունվարի 19-ին՝ ժամը 07:00-ին պայթյուն է տեղի ունեցել, անհայտ անձը պայթեցրել է խանութի ապակին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























