ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու բանակցություններ ընթանում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 19-ին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Հարցին, թե հայտնի՞ է որ կառավարության որ պորտֆելների շուրջ են բանակցությունները, Սահակյանը պատասխանեց․ «Քննարկումներին ես չեմ մասնակցել, չեմ կարող ասել՝ որ պորտֆելներն են քննարկվում, բայց որ կառավարման փորձ ունենք ու գործընկերների հետ եւ բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ ընհանուր քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի, դա փաստ է»։
Նշենք, որ քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ կոալիցիոն բանակցություններ են սկսվել եւ երկու օր առաջ դաշնակցությունն արդեն այդ թեմայով հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։
Իսկ ահա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր առավոտյան NEWS.am-ի հետ զրույցում վստահեցնում էր, թե նման քննարկումներ չկան։ Իսկ կառավարության կազմում սպասվող փոփոխությունների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ ասել էր հետեւյալը․ «Ենթադրությունները ստահոդ են, չկա նման քննարկում, դրանք պարզապես բամբասանքներ են։ Ինչ որ մեկի պատվերով գցում են շրջանառության մեջ։ Նման քննարկումներ չկան»։




























