Դաշնակցության մուրազը, կարծես թե, կատարվում է. վերջին օրերին մամուլում սկսել են առավել ակտիվ շրջանառվել Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության միջեւ կոալիցիոն իշխանության ձեւավորման շուրջ բանակցությունների մասին տեղեկությունները։ Ըստ մամուլում տարածված լուրերի` ապագա կոալիցիայի ձեւաչափը հանրապետականների եւ ՀՅԴ ներկայացուցիչների միջեւ այս օրերին քննարկվում է ամենատարբեր մակարդակների հանդիպումներում։
Նախօրեին NEWS.am–ի թղթակիցը «Կասկադի» սրճարաններից մեկում մեկ սեղանի շուրջ նկատել է Էդմոն Մարուքյանին, Կարեն Կարապետյանին, Աղվան Վարդանյանին եւ Մարտուն Մաթեւոսյանին։
Նշենք, որ եւ ՀՀԿ–ն եւ ՀՅԴ–ն տակավին վերջերս կտրականապես հերքում էին իշխանության հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, իսկ այսօր արդեն «Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ եղել է կոալիցիայի առաջարկություն, որը ՀՅԴ–ն սկզբունքորեն ընդունել է, եւ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակցություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն արդեն երկու անգամ կոալիցիոն իշխանության մաս է կազմել` Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003թ. եւ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո` 2008թ.։ Վերջինից ՀՅԴ–ն դուրս եկավ` պատճառաբանելով, թե դեմ են Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը` մասնավորապես, հայ-թուրքական արձանագրություններին, իսկ սահմանադրական հանրաքվեին ՀՅԴ-ն, երբեմն հանրապետականներից էլ առավել ջանասիրությամբ պաշտպանում էր նախագիծը։




























