Քննչական կոմիտեն պարզել է Երեւանի կենտրոնում գիշերային ակումբի մոտ հունվարի 14-ին չորս անձի դանակահարության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Ս. Սուքիասյանը հունվարի 14-ին ժամը 02:00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ գիշերային ակումբի մոտ վիճաբանել է նույն ակումբի հաճախորդներ Է. Հայրապետյանի, Ա. Մարգարյանի, ապա նաեւ Մ. Մարտիրոսյանի եւ Ռ. Գասպարյանի հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունվարի 18-ին որոշում է կայացվել Ս. Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 9-րդ կետերով (Խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց ծանր մարմնական վնաս պատճառելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։