Համոզված ենք, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների եւ մահմեդականների համակեցության եւ հանդուրժողականության վերաբերյալ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից հեռուստաեթերում հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է` հեռու ճշմարտությունից եւ արդարությունից: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ Հանրային խորհուրդը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք` ՀՀ Հանրային խորհրդի անդամներս, խորին հարգանք տածելով Ռուս Ուղղափառ եկեղեցու, ինչպես նաեւ Մոսկվայի եւ համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հանդեպ, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ` վերջինիս կողմից ս.թ. հունվարի 7-ին «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովի հետ հարցազրույցի ընթացքում արտահայտած որոշ նկատառումների վերաբերյալ:

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնված ազգերի շրջանում տարակուսանք է առաջացրել Պատրիարքի այն պնդումը, թե Օսմանյան կայսրությունն իր հպատակների համար եղել է կարգուկանոնի ու խաղաղության երաշխավոր: Պատրիարք Կիրիլը` որպես քրիստոնեական եւ մահմեդական քաղաքակրթությունների միջեւ փոխհարաբերությունների պատմության բացասական օրինակ, բերել էր մահմեդականների կողմից քրիստոնեական Բյուզանդիայի նվաճման փաստը` «մոռանալով» նշել այդ մահմեդականների էթնիկ պատկանելությունը: Ուստի անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Բյուզանդիան նվաճվել է թուրք օսմանների կողմից, եւ հենց այդ նվաճման արդյունքում էլ ստեղծվել է Օսմանյան կայսրությունը: Իսկ որպես դրական օրինակ` Պատրիարքը կրկին բերել էր նույն Օսմանյան կայսրությունը` պնդելով, որ այնտեղ իբրեւ թե քրիստոնյա ժողովուրդներին ոչ ոք չէր ոչնչացնում:

Վերջին տարիներին Ռուսաստանում եւ բազմաթիվ այլ երկրներում Թուրքիան նպատակաուղղված ձեւավորում է Օսմանյան կայսրության «ռոմանտիկ» կերպար` որպես հանդուրժողական պետություն, որը շատ ուշադիր էր իր հպատակների բոլոր պահանջների եւ իրավունքների նկատմամբ: Ցավոք, Թուրքիայի լոբբիստական գործունեությունն իր ազդեցությունն է թողել նաեւ ռուսական ակադեմիական շրջանակների որոշ ներկայացուցիչների վրա: Անհրաժեշտություն չկա մեկ անգամ եւս անցնել օսմանյան պատմության արյունալի արահետով, որը մինչ օրս չսպիացող վերքեր է թողել Բալկաններում, Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Այդ վերքերը վստահորեն կարելի է կոչել սուլթանների եւ երիտթուրքերի կողմից վարած անմարդկային քաղաքականության եւ իրականացրած ցեղասպանությունների վկայություն: Իր գոյության ընթացքում Օսմանյան կայսրությունը վարել է արյունալի պատերազմներ հարեւան երկրների հետ, նվաճել եւ կորցրել տարածքներ` ամայացնելով հսկայական տարածություններ եւ ոչնչացնելով հարյուր հազարավոր տեղաբնակ ժողովուրդների: Այդ ժամանակահատվածում ստեղծվել է նախադեպը չունեցող եւ կատարելության բարձրագույն աստիճանի հասած բռնատիրական համակարգ, որը եւ դարձել էր թուրքական ազգային քաղաքականության հիմնասյունը: Բալկանյան ժողովուրդների, հայերի, հույների, ասորիների եւ այլ ազգերի բռնի թուրքացումն ու իսլամացումը. ահա թե որն է օսմանյան նախագծի «հաջողությունը»:

Իրենց պատմական հայրենիքում 1.5 միլիոն քրիստոնյա հայերի, ինչպես նաեւ  հույների եւ ասորիների ցեղասպանությունները, ողջ քրիստոնյա բնակչության ու նրա ստեղծած հարուստ ժառանգության ոչնչացումն ու թալանը Օսմանյան կայսրության եւ ժամանակակից Թուրքիայի տարածքում պատմական փաստ է, որը կասկածի կամ ժխտման ենթակա չէ: Ավելին, հայերի ցեղասպանությունն ուղեկցվում էր հայրենազրկմամբ իր պատմական, Աստծո կողմից տրված Հայրենիքից:

Օսմանյան Կայսրությունը եղել է, իսկ ժամանակակից Թուրքիան այսօր էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդն է, եւ դրա վառ ապացույցն են Սիրիայի վերջին իրադարձությունները:

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն ունի հստակ դիրքորոշում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության հարցի վերաբերյալ, որը հաստատվել է Ռուսաստանի օրենսդիր մարմնի կողմից: Մի շարք այլ երկրների ղեկավարների հետ մեկտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը: Իսկ ահա քրիստոնյա հպատակների նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված բռնության եւ ցեղասպանության պետական քաղաքականության արդարացումը, օսմանյան տիրապետության աղետալի հետեւանքների մասին լռությունը եւ առավել եւս պատմության նման մեկնաբանումը ոչ մի ընդհանրություն չունեն պատմական իրողության հետ:

Մենք միշտ հարգանքով լսում էինք Պատրիարք Կիրիլի քարոզները` ընկալելով դրանք որպես տիեզերական բարեգթության դրսեւորում, տեսնելով դրանց մեջ բացարձակ ճշմարտություն եւ արդարություն: Համոզված ենք, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների եւ մահմեդականների համակեցության եւ հանդուրժողականության վերաբերյալ պատրիարք Կիրիլի կողմից հեռուստաեթերում հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է` հեռու ճշմարտությունից եւ արդարությունից: