Իշխանության հետ համագործակցությունը ՀՅԴ-ն հնարավոր էր համարում այն դեպքում, երբ իրագործվեր  դեռեւս 2012 թվականին առաջ քաշած 7 կետանոց առաջարկը, որի թվում էր հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչելը։ Հիշեցնենք, որ 7 կետերն էին՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, կառավարման խորհրդարանական համակարգը, ընդդիմությանը վերահսկողության լծակների տրամադրումը, բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատումը, դատական իշխանության լիարժեք անկախությունը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը եւ Սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Իշխանության հետ կոալիցիա կազմելու  քննարկումները մեկնարկել են, իսկ ՀՅԴ-ի գլխավոր պահանջը հայ-թուրքական  արձանագրությունների մասով կատարված չէ։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է, թե իշխանության հետ համագործակցություն սկսելու համար որքանով է իրականացվել 7 կետերը։

Պարոն Մինասյան, իշխանությունների հետ համագործակցելու համար ՀՅԴ-ն 7 կետերի ծրագիր էր առաջ քաշել։ Այժմ կոալիցիա կազմելու քննարկումները ակտիվացել են,  այս փուլում այդ կետերը իրագործվա՞ծ եք համարում։ Մասնավորապես հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչելու մասով, ինչը դեռ տեղի չի ունեցել։

Մենք արժեւորում ենք, որ 7 կետերի զգալի հատվածը այս պահին իրացվել է․ Սահմանադրության մակարդակով՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը, երկրի կառավարման համակարգի փոփոխությունը, մյուսը ընդդիմության դերակատարման մեծացումը, կարեւոր իրացում ենք համարում առնվազն հայ-թուրքական արձանագրությունները օրակարգից հանելը։

Բայց ստորագրությունը հետ չի կանչվել։

Այդ մասով գործընթացը վերսկսելու հավանականություն  չկա, եթե չասենք զրոյական է։ Հարցը Ազգային ժողովի օրակարգից հանված է, իսկ արձանագրությունենրի վերաբերյալ իրավական փաստաթուղթ ունենալը պայմանավորված է բացառապես վավերացումով։ Եթե վավերացված չէ, պարզ է որ չի կարող լինել։ Մենք համարում ենք, որ մնացածը ընթացիկ կլինի, ստորագրությունը հետկկանչվի, այլ տարբերակ չենք տեսնում։ Մյուս կողմից էլ չենք ուզում անընդհատ թմբկահարել դրա մասին, որովհետեւ անընդհատ, երբ ուզում ես քո ճշմարտությունը բարձրաձայնել ու առաջ մղել, իշխանություններին ու մարդկանց թվում է, որ դու ընդամենը կարճաժամկետ PR խնդիր ես փորձում լուծել։ Կարեւորը խնդրի  լուծումն է, որ մնացել է մի վերջին շտրիխ, որ հանրապետության նախագահը հետ կանչելու մասին հրամանագիր կստորագրի։ Այս պահին արձանագրությունները վերակենդանանալու որեւէ շանս չունեն։

Իսկ ե՞րբ Սերժ Սարգսյանը այդ վերջին շտրիխը կհանի։

Ինձ համար դա երկրորդաան հարց է, դա կախված է նաեւ միջազգային զարգացումներից։ Այնպիսի մի իրավիճակում, երբ որ որեւէ երկիր՝ բացառությամբ Թուրքիայի ու Ադրբեջանի չեն փորձի մեղադրել Հայաստանին այդ քայլի համար։   Բացառում եմ ավելի ուշ քան, քան հանրապետության գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը։

Ուզում եք ասել, որ 7 կետերի վերաբերյալ իշխանության գործողությունները բավարար են եւ կոալիցիա կազմելուն բացառապես չի՞ խոչընդոտում։

Եթե խոսում ենք կոալիցիայի մասին, կոալիցիայի պայմանները փոփոխվում են։  Մասնավորապես մեր մուտքը կոալիցիա պետք է ինչ-որ վիճակ փոխի, հասարակության մոտ դրական սպասում առաջացնի եւ կոնկրետ դրական քայլեր իրականանան, սա ավելի շատ այն պայմանավորվածությունների տիրույթում կարող է լինել, որը ձեռք է բերվելու մեր եւ իշխանությունների միջեւ։ Օրինակ, ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյա կետը ամենօրյա քաղաքականություն է։ 7 կետերը առաջարկ էին, որ ընդունելու դեպքում մենք պատրաստ էինք համագործակցել ցանկացած ուժի հետ։ Ուզում եմ ճշգրտում մտցնել՝ 7 կետերը մեծամասամբ իրականացված են, կան առանձին ձեւակերպումներ, որոնք ենթադրում կամ պահանջում են կոնկրետ քաղաքականության դրսեւորւմներ, օրինակ, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման պահանջը։ Սա ամենօրյա  քաղաքականություն է, կախարդական փայտիկ չկա, որ միանգամից բոլոր չինվոնիկները զերծ մնան քաղաքականությունից։