Երեւանում հունվարի 6-ին դանակի 14 հարված ստացած, 16-ամյա Խաչիկ Ղազանչյանի վիճակը վատթարացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արաբկիր» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիական եւ վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Խաչատուր Քյուրքչյանը:
«Խաչիկ Ղազանչյանը երեկ հետազոտվել է, նրա մոտ արձանագրվել է ուղեղի մահ: Այս պահին վիճակը վատթարացել է եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- ասաց բաժանմունքի վարիչը:
Նշենք, որ հարազատների խոսքով՝ Խաչիկ Ղազանչյանին դանակի 14 հարված է հասցրել 18-ամյա Սուրեն Մուրադյանը, որը նրա մտերիմ ընկերն է: Նրանց պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին: Ծնողների համար անհայտ է` ինչու են տղայի հետ նման կերպ վարվել: Նրանք նաեւ տարօրինակություններ են նկատել կասկածյալի մոտ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Դանակահարության մեջ կասկածվողին որոնում են:




























