ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ղ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Արթուր Ղ.-ն հայտնել է, որ 2014 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 00:00-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, գողություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի մի քանի ծառայողների կողմից ինքը բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ ոստիկանության ծառայողն առանց փաստաթուղթ կազմելու վերցրել է իր բջջային հեռախոսը եւ մինչեւ երեկոյան ժամը 22:00-ի սահմանները պահել աշխատասենյակում: Այնուհետեւ նույն ծառայողն իրեն ներկայացրել է քննչական բաժին, որտեղ բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է քննիչի կողմից:

Բացի այդ, ինքը ծանոթանալով քրեական գործում առկա փաստաթղթերին,  պարզել է, որ օպերլիազորը կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություններ, թե վերջինս, իբր, իրեն ոստիկանության բաժին բերման է ենթարկել ժամը 19:30-ին, կատարել անձնական խուզարկություն եւ վերցրել բջջային հեռախոսը:

Արթուր Ղ.-ն հայտնել է նաեւ, որ ինչպես հիշատակված արձանագրություններում, այնպես էլ քրեական գործում առկա իր վերաբերյալ կազմված փաստաթղթերի տակ  չի ստորագրել, քննիչի մոտ ցուցմունք չի տվել:

Արթուր Ղ.-ի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: