Հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչելու հարց Հանրապետական կուսակցությունը չի քննարկել. դա կախված է երկու երկրների հարաբերությունների զարգացումից, ոչ թե ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելուց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե արձանագրությունների հետ կանչելն արդեն բավական է, իսկ ստորագրությունը մի շտրիխ է, որն արդեն հընթացս տեղի կունենա, եւ Սերժ Սարգսյանը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը դա կանի, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Սերժ Սարգսյանը նման հայտարարություն չի արել ու նման քննարկում չի եղել, կսպասենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացումներին: Ստորագրության հետ կանչելը չի կարող կապ ունենալ Դաշնակցության պահանջի հետ, ինչ է, նախապայմա՞ն են դնում, մենք նախապայմանով չենք առաջնորդվում»:
Հարցին, թե ինչու էին հերքում ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն քննարկումների մասին տեղեկությունները, Բաղդասարյանը արձագանքեց. «Որ նախագահի հետ գնում է առանձնազրույց, դա չի նշանակում, որ դրանց մասին մենք պիտի մանրամասներ ներկայացնենք»: Նրա խոսքով, պորտֆելների շուրջ դեռեւս համաձայնություն չկա, ավելին` քննարկումներ էլ չկան:
«Շատ բարեհամբույր ենք վերաբեվրում ցանկացած բանակցությունների, գործընկերությանը, որտեղ կա գաղափարական հենք եւ պատասխանատվություն, Հանրապետականը խանդոտ չէ: Ի՞նչ է, պորտֆելացավ են կպել բոլորը, դա էլ կհստակեցվի, էլի»,-ընդգծեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է մյուս հավանական կոալիցիոն գործընկերոջը` ԲՀԿ-ին, Բաղդասարյանը նշեց, թե ԲՀԿ-ի հետ բանակցություններ, առանձնազրույցներ չեն ընթանում:
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրություններից ստորագրության հետ կանչելը իշխանությանն ուղղված ՀՅԴ-ի 7 կետերից մեկն էր, որոնց իրագործվելուց հետո Դաշնակցությունը պատրաստ կլինի իշխանության հետ համագործակցության գնալ: Այս կետը իրագործված չէ, սակայն երեկ հայտարարվեց, որ ՀՅԴ-ն կոալիցիոն բանակցություններ է սկսել իշխանության հետ:
Ինչ վերաբերում է պորտֆելներին, ապա արդեն մի քանի օր է մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց, ՀՅԴ-ն հավակնում է Էկոնոմիկայի ու Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին:




























