Այսպես կոչված «հունվարի 20-ի ողբերգության» օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստիպված է եղել շտապ օգնության կանչել իր անկրկնելի կնոջը: Շատ տարիների ընթացքում առաջին անգամ «Ադրբեջանի առաջին տիկինը, Միլլի Մեջլիսի պատգամավորը, Հեյդար Ալիեւի հիմնադրամի նախագահը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻՍԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպանը (տիտղոսները բարեխղճորեն թվարկված են ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ընդ որում, ոչ ամբողջությամբ) իր ամուսնու հետ դանդաղ սգո քայլվածքով բարձրացել է այսպես կոչված «շեհիդների ծառուղի», որտեղ թաղված են Բաքվում 1990 թվականի հունվարի 13 – 19-ին հայերի ջարդերի կազմակերպիչները եւ մասնակիցները: 

Անցած շաբաթվա ընթացքում իշխանություններն  ավելի քան  60 մարդու ձերբակալության շնորհիվ կարողացան մասամբ ճնշել գների կտրուկ աճի հետ կապված բողոքի ակցիաները, որոնք գնալով ավելի զանգվածային բնույթ էին ստանում: Միաժամանակ այսօր Բաքվում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռք առնվել, որովհետեւ իշխանությունները վախենում են արդեն մայրաքաղաքի փողոցներում դժգոհության զանգվածային դրսեւորումներից:  

Հիշեցնենք, որ 1990-ի հունվարի 13 – 19-ին այդ ժամանակ իշխանության ձգտող Ադրբեջանի Ժողովրդական ճակատը տեղի հայ բնակչության զանգվածային հալածանքներ  էր կազմակերպել, որոնք ուղեկցվել էին դաժան սպանություններով, մահացու ծեծով եւ բռնաբարություններով: Այդ պահին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն ամբողջությամբ կորցրել էր իրավիճակի վերահսկողությունը,  ֆաշիստացած Ժողովրդական ճակատի ձեռքն էր գործնականում անցել նաեւ հանրապետական հեռուստատեսությունը: Միայն Խորհրդային Բանակի բազմաքանակ զորակազմ Բաքու մտցնելու արդյունքում հաջողվեց կանգնեցնել քաղաքի քրիստոնյա բնակչության ոչնչացումը:

Անկախ Ադրբեջանում ամբողջությամբ լռության է մատնվում այն փաստը, որ զորքը Բաքու է մտցվել ջարդը դադարեցնելու համար: Ալիեւի կլանը թույլ է տալիս հարգել հայերի ջարդի կազմակերպիչների եւ մասնակիցների հիշատակը, որոնք զոհվել են Ադրբեջանի մայրաքաղաք զորք մտցնելու եւ կարգ ու կանոնի վերականգնման հետեւանքով: