«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման վերաբերյալ հարցերը որոշում են ոչ թե Երեւանի քաղաքապետարանը կամ կառավարությունը, այլ կոնկրետ մարդիկ, որոնք օրենքից դուրս են: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Երեւանի ավագանին նման ոչ մի հարց երբեւէ չի քննարկել: Այդ հարցերը Երեւանի քաղաքապետարանում չեն որոշվում, դրանք վերեւներում են որոշվում, կառավարության որոշում է լինում: Բայց արդեն համոզվում եմ, որ նույնիսկ կառավարության որոշումով չի լինում: Կան մարդիկ, որոնք օրենքից դուրս են եւ այդ գործն առաջ են տանում անթաքույց: Գիտենք, որ Զվարթնոցի հետ կապված Էռնեկյանն է եւ եթե նա մի բան ուզեց Հայաստանում, նրան «չէ» ասող չկա»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ քաղաքապետարանը պնդում է, որ թույլտվություն է տրվել օդանավակայանի հին շենքի էստակադան քանդելու, ինչի վերաբերյալ քննարկումներ են եղել, բոլոր կողմերը համաձայն են եղել:
Ճարտարապետները պնդում են, որ դեմ են շենքի ամեն տեսակի ապամոնտաժման, շենքը մշակութային արժեք է ներկայացնում: Օդանավակայանի շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր մտահոգության շուրջ հայտարարություն էր տարածել: Նա նշել է, որ իր համար անակնկալ է եղել քաղաքապետի որոշումը, ինքը դեմ է շենքի ամեն տեսակի՝ թեկուզ մասնակի ապամոնտաժման:




























