ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը լուրերով է լսել Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության միջեւ կոալիցիոն իշխանության ձեւավորման շուրջ բանակցությունների մասին: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Մենք հանրաքվեից առաջ էլ, հետո էլ ասել ենք, որ պատրաստ ենք կոալիցիա կազմել եւ համագործակցել: Մեզ հետ կոալիցիա կազմելը բարի կամքի դրսեւորում է քաղաքական ուժերի նկատմամաբ: Դաշնակցությունը, երբ կոալիցիաայից դուրս եկավ իշխանությանը յոթ կետեր առաջարկեց, եւ մեծ մասն արդեն իրականացվել է, նրանք հասկացան, որ այն խնդիրները, որոնք իրենք ունեին արդեն իրականացվել են եւ հնարավոր է համագործակցությունը»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:
«Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության միջեւ կոալիցիոն իշխանության ձեւավորման շուրջ բանակցություններով որոշվում է, թե ինչպիսին է լինելու ապագա խորհրդարանը:
«Հիմիկվանից ձեւում են ապագա խորհրդարանը, որ դրան համապատասխան ընտրությունների ժամանակ իրենց ուզած թիվը խփեն»,-ասաց Անահիտ Բախշյանը, ինչին ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Թիվ խփելն էլ է շնորհք»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն արդեն երկու անգամ կոալիցիոն իշխանության մաս է կազմել` Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003թ. եւ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո` 2008թ.։ Վերջինից ՀՅԴ–ն դուրս եկավ` պատճառաբանելով, թե դեմ են Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը` մասնավորապես, հայ-թուրքական արձանագրություններին, իսկ սահմանադրական հանրաքվեին ՀՅԴ-ն, երբեմն հանրապետականներից էլ առավել ջանասիրությամբ պաշտպանում էր նախագիծը։




























