Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ընթացող Ավետիսյանների սպանության գործով հունվարի 18-ին կայացած նիստին լուծվել էին բոլոր այն խնդիրները, որոնք առկա էին նախորդ դատական նիստի ժամանակ: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Նախորդ դատավարության ժամանակ դահլիճում նստելու հետ կապված խնդիրներ կային, այս անգամ այդ խնդիրը չկար, Պերմյակովին հայ ոստիկանները բերեցին դատարան: Չմոռանանք, որ ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանի տարածքում եւ քանի որ այդ ստահակը ռուսական ռազմաբազայի կալանատանն է, դատավարությունը ռազմաբազայում է տեղի ունենում: Բոլոր կնճռոտ հարցերը լուծվել են, այն հարցերը, որոնք մեկ տարի առաջ բոլորիս մտահոգում էին, դրանք բացահայտվել են, փաստաբաններն էլ են ասել, որ Պերմյակովը սատանիստ է եւ դրա համար է այդ քայլին գնացել»,-ասաց պատգամավորը` նշելով, որ ակնկալում է, որ Պերմյակովը ցմահ կազատազրկվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը: