2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հաշվի առնելով դաշտում հնչող տարատեսակ թվերը, երբեմն դրանց հանիրավի շահարկումը որոշեցինք ներկայացնել ԶՈւ-երում 2015թ. գրանցված մահերը ըստ պատճառների: Տվյալները ամփոփված են հաշվի առնելով նաեւ քննության գործընթացները, հստակ որակումները եւ այլն:

2015թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ ՊԲ-ում գրանցվել է զինվորական ծառայություն անցնելու հետ կապված 57 մահ, որոնց հիմնական պատճառներն են՝

հակառակորդի կողմից շփման գծում սպանությունները (դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն եւ այլ գործողություններ)` 38 մահ,

ավտովթար` 2,

հիվանդություն` 2,

սպանությունը` 1,

ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր՝ 6,

դժբախտ պատահարներ՝ 4,

մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով՝ 3,

ականի պայթյուն՝ 1»,-գրել է նա: