Հայաստանում վերջին տարիներին գնալով աճում է ալկոհոլային թունավորումների թիվը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ նշելով, որ 2015թ. ալկոհոլային թունավորման 370 դեպք է գրանցվել, մինչդեռ նախանցած տարի` 295:

«Հիմնականում չարաշահելուց է լինում թունավորումը: Հիմա երիտասարդներն ավելի շատ են: Կանանց թիվն էլ է մեծացել, 20 տոկոսը լինում են երիտասարդ աղջիկները»,- ասաց  Միքայել Գաբրիելյանը՝ նշելով, որ այս տարի ալկոհոլային թունավորման 17 դեպք է գրանցվել արդեն:

Ալկոհոլային թունավորումներից հետո երկրորդ տեղը դեղորայքային թունավորումներինն է, ինչը կապված է լինում դեղորայքի քանակը չարաշահելու հետ:

«50 տոկոսից ավելին կապված են հոգեմետ դեղեր օգտագործելու հետ»,- նշեց նա:

Միքայել Գաբրիելյանը նշեց, որ նախորդ տարի Հայաստանում գրացվել է սնկից թունավորման 21 դեպք՝ 2-ը՝ մահվան ելքով: Սնկից թունվորումները, մասնագետի խոսքով, հիմնականում գրանցվում են այն ժամանակ, երբ մարդիկ ուտում են իրենց հավաքած սունկը:

Թունաբանը նշեց, որ նախորդ տարի բոտուլիզմի 20 դեպք է գրանցվել, այս տարի` արդեն 4:

«Դեպքերը լինում են միայն տնային պայմաննեում պատրաստած սննդաթերքից:  Պահածոյացված մքերթները պետք է եռացնել, ապա օգտգործել»,- ասաց նա: