Որոշ զբոսաշրջային ընկերություններ փորձել են շրջանցել Թուրքիային ուղեգրեր վաճառելու արգելքը` ՌԴ-ին սահմանակից երկրներով այդ երկրում հանգստանալու համար զբոսաշրջիկներ ուղարկելով: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Մենք սկսել ենք շատ ինտենսիվորեն ստուգել զբոսաշրջային ընկերությունների կողմից Թուրքիային ուղեգրեր վաճառելու դեկտեմբերյան արգելքը եւ այդ ծառայության մատուցման մի քանի առանձնահատկություն ենք հայտնաբերել: Պարզվել է, որ հնարավոր է շատ էժան հասնել մինչեւ բարեկամական հարեւան երկրի մայրաքաղաք եւ այնտեղից Թուրքիա թռչել», - ասել է Պոպովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նման «ոչ քիչ» դեպքեր են հայտնաբերվել, նշել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը: Սակայն առայժմ բարդ է հստակորեն հաշվել խախտումների թիվը, որովհետեւ, օրինակ, մի քանի զբոսաշրջային գործակալ կարող էին իրացնել մեկ զբոսաշրջային օպերատորի արտադրանքը: Օրինախախտ զբոսաշրջային ընկերությունները վարչական պատասխանատվության են ենթարկվում, նրանց վրա տուգանքներ են դրվում, հավելել է Պոպովան: «Չի կարելի արգելված շրջագայություն իրացնել», - ընդգծել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը: Միաժամանակ ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը գանգատվել է, որ նման ուղեգրեր գնող ռուսաստանցիները չեն ուզում հոգ տանել իրենց առողջությանը: «Չէ՞ որ դա մեծ ռիսկ է, հենց այնպես չեն արգելել: Այնտեղ անընդհատ ինչ-որ բան պայթում է, եւ ակնհայտ է, որ այսօր դա չի ավարտվի: Երբ այդ ռիսկերն այն աստիճան նվազեցվեն, որ ուղեւորություններն անվտանգ լինեն, այդ ժամանակ` իհարկե, բայց ոչ հիմա», - ասել է նա: Բացի այդ, այժմ Թուրքիա ուղեւորվելիս լրացուցիչ ռիսկ է այդ երկրում գրիպի հետ կապված ծայրաստիճան անբարենպաստ իրավիճակը, նշել է Պոպովան:




























