Ասպիրանտուրայի ընդունելության կարգում փոփոխություն է կատարվելու, որը հնարավորություն կտա բացի TOEFL-ից հանձնել նաեւ IELTS։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ նախագիծն արդեն պատրաստ է։
«Ասպիրանտուրայի նոր կարգը կընդլայնի նաեւ օտար լեզուների ցանկը»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի խոսքով՝ առաջիկա տարում նախարարությունը բացելու է շուրջ երեսուն նախակրթարան, վերանորոգելու է հինգ ավագ դպրոց։
«Շիրակի եւ Արմավիրի մարզերի բոլոր դպրոցներում ներդնելու ենք «Ազգային երգ ու պար» առարկան, ինչպես նաեւ Երեւանի մի շարք դպրոցներում։ Այս տարի մենք կարեւորելու ենք նաեւ ազգային փոքրամասնությունների խնդիրները. Եզդի եւ քուրդ մեր համաքաղաքացիների համար կազմակերպելու ենք վերապատրաստում եւ դասընթացներ»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Առաջիկա տարում նախարարությունը մտադիր է նաեւ բարձրագույն կրթության վերաբերյալ նոր օրենք ներկայացնել։ Ըստ նախարարի, պատճառն այն է, որ գործող օրենքն ընդունվել է տասը տարի առաջ եւ այս տարիների ընթացքում այն շատ է կարկատվել։




























