Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար, այդ հնարավորությունը չփորձելը սխալ կլինի: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքով, նախադրյալներ կան, որ գազի գինը կէժանանա, հակառակ դեպքում չէինք դիմի Ռուսաստանին:
Հարցին, թե եթե մերժում ստանան Ռուսաստանից, արդյոք կսկսեն համագործակցել Իրանի հետ՝ գազ ներկրելու հարցում, նախարարը պատասխանել է. «Դրանք բանակցությունների թեմաներ են: Երկուսն էլ մեր գործընկեր երկրներն են, Իրանից հիմա հանվում են որոշ պատժամիջոցներ և Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում: Դա լրացուցիչ թթվածին կարող է լինել մեր տնտեսության համար»:




























