Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչների 50 տոկոսը մեծ վնաս է կրել 2015թ. դեկտեմբերի 30-ին եւ 31-ին հանրապետությունում տեղացած առատ ձյան հետեւանքով: NEWS.am-ի հետ զրույցում Արաքսի գյուղապետ Ավագ Թորոսյանը նշեց, որ գյուղացիների 50 տոկոսն ունեն ջերմոցներ, որոնց մեծ մասը տեղացած ձյան ծանրությունից քանդվել են:

«Ձյունը անսպասելի եկավ, գյուղացիներն էլ չհասցրին մաքրել այն եւ ջերմոցները նստեցին: Ջերմոցներում հիմնականում կանաչի են աճեցնում, արդեն սածիլները պետք է դնեն, բայց չեն հասցնի ավերված ջերմոցները վերականգնել: Բնակիչներն ահռելի ծախսեր են արել, վարկ են վերցրել  ու հիմա տխուր վիճակում են հայտնվել»,-ասաց գյուղապետը:

Գյուղացիներն այժմ կառավարությունից պահանջում են, որ գոնե մեկ տարով սառեցվեն իրենց տրամադրված վարկերը, որպեսզի իրենք կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից: Մեզ հետ զրույցում գյուղապետը նշեց, որ ինքն արդեն տեղյակ է պահել Արմավիրի մարզպետարանին, որտեղ խոստացել են այդ հարցը քննարկել կառավարության հետ եւ ինչ-որ լուծում գտնել:

«Քանի որ բանկերը մասնավոր սեփականություններ են, կառավարությունը այս հարցը պետք է քննարկի բանկերի հետ, որ համաձայնություն ստանա վարկերը մեկ տարով սառեցնելու վերաբերյալ»,-ասաց գյուղապետը: