Ամանորին ոտքը կոտրած, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռեւս պաշտոնապես աշխատանքի չի վերադարձել, թեեւ ամեն օր գալիս է նախարարություն։
«Բժիշկների լուռ անհամաձայնությամբ օրվա երկրորդ կեսին գալիս եմ աշխատանքի, դեռեւս ոչ պաշտոնապես։ Աշխատանքի պաշտոնապես կվերադառնամ, երբ պատրաստ կլինեմ»,- այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։
Աշոտյանի խոսքով՝ ինքը ոտքի վնասվածքը ստացել է մասնավոր տարածքում, որտեղ պետական ոչ մի գերատեսչություն պարտավորություն չունի։ Օգտվելով առիթից, ԿԳ նախարարն առողջություն ցանկացավ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որն այսօր օրերին բուժվելու նպատակով մեկնել է ԱՄՆ։
«Քաղաքական մրցակիցների ֆիզիկական խնդիրները, դրանցով ուրախանալը կարող են վկայել միայն քաղաքական թուլության մասին։ Ավելի պատվաբեր, ավելի ուրախալի է հաղթել լիարժեք առողջական վիճակում գտնվող մարդուն, թեեւ ես դիմադրել եմ եւ շարունակում եմ դիմադրել բոլոր մարտահրավերներին։ Առիթից օգտվելով առողջություն եմ ցանկանում Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- ասաց ԿԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ոտքը կոտրել է հունվարի 2-ին։




























