Համամասնական ընտրակարգի ներկայումս քննարկվող ռեյտինգային տարբերակը թեկնածուների համար բարդ իրավիճակ է ստեղծում, ուժեղ մրցապայքար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Գարեգին Նուշիկյանը։
«Ռեյտինգային ցուցակում գտնվող անձին ձայն տալով՝ տալիս են կուսակցությանը։ Մեխանիկորեն այդ ձայնը դառնում է կուսակցության ձայնը։ Այն առումով է բարդանում, որ եթե նախկինում կարող էր այդ թեկնածուին ընտրել, բայց ոչ նրա ներկայացրած կուսակցությանը, ապա հիմա չի կարող։ Եթե նայեք 2012 թվականի ընտրությունների արդյունքներին, որոշ տեղամասերում մեծամասնական պատգամավորները ավելի շատ ձայն են հավաքել, քան այն կուսակցությունը, որի կողմից առաջադրված են եղել։ Հիմա պատգամավորը պետք է համոզի, որ իրեն ձայն տան, բայց դրանով նաեւ կուսակցությանը տան։ Այսինքն՝ բարդացել է, իհարկե, նրանով որ 131 պատգամավորից 101-ն է գնում»,-ասաց նա:
Նուշիկյանը համամիտ չէ գործընկերների այն պնդումներին, թե այդպիսով նույն կուսակցության ներկայացուցիչները իրար դեմ են պայքարելու՝ միմյանց դուրս մղելով խորհրդարան մտնելու հնարավորությունից։ «Հիմա ձայներ ավել ունենալու համար պարտադիր չէ՝ ինչ որ մեկի դեմ աշխատել։ Երբ որ առաջադրվել էի մեծամասնականով, ես նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ մի անգամ իմ մրցակցի դեմ չեմ աշխատել, այլ հօգուտ ինձ։ Հիմա տարբեր մարդիկ տարբեր ձեւով կարող են այդ հարցին նայել։ Կարող է կուսակցությունը մեկ թեկնածու առաջադրի, նայած ինչպես են լինելու ընտրատեղամասերը։ Ամեն ընտրատարածքից նախկինում մեկ պատգամավոր էր անցնում, հիմա եթե երկուսը-երեքը միանում են, այսինքն՝ շատ հանգիստ կուսակցությունը երեք թեկնածուի կարող է առաջադրել, երեքն էլ կարող են եւ անցնել»,-ընդգծեց Նուշիկյանը:
Նշենք, որ որ Ընտրական օրենսգրքի շրջանակներում քննարկվում է կուսակցությունը թեկնածուների ռեյտինգային ցուցակով ներկայացնելու տարբերակը, որի դեպքում ընտրողը կուսակցության օգտին քվեարկում է՝ առաջնորդվելով տվյալ կուսակցության ցուցակում ներկայացված իր նախընտրած թեկնածուով։ Քննարկվում է նաեւ էլեկտրոնային քվեարկության մոդելը։




























