Իսպանական «Թելտրոնիք» ընկերության պատվիրակությունը Հայաստանում ուսումնասիրել է ռադիոհամակարգերի արտադրության ոլորտը:
Հունվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումն իսպանական «Թելտրոնիք» ընկերության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը եւ նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:
Կարեն Ճշմարիտյանը ողջունել է ընկերության ներկայացուցիչներին եւ ներկայացրել Հայաստանի գործարար ու ներդրումային միջավայրի առավելությունները, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու հնարավորությունները:
«Թելտրոնիք» ընկերության պատվիրակության ղեկավար, վաճառքների եւ մարքեթինգի գծով տնօրեն Խավիեր դե լա Ֆուենտեն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեության շրջանակը, մասնավորապես շեշտադրելով ընկերության մասնագիտացվածությունը ռադիոհամակարգերի արտադրության մեջ: Ընկերությունն ունի ավելի քան 40 տարվա թվային եւ անալոգ ռադիոհամակարգերի նախագծման, արտադրության եւ տեղակայման միջազգային փորձ:
«Թելտրոնիք»-ն ապահովում է ռադիոկապի լուծումներ հիմնականում հասարակական անվտանգության, ռազմական եւ սահմանների պաշտպանության, հանրային տրանսպորտի, նավթագազային ոլորտի, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներում:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են հետագա համագործակցության կարեւորությունը:
«Թելտրոնիք» ընկերության պատվիրակության Հայաստան այցի հիմնական նպատակն է ուսումնասիրել մեր երկրում առկա ռադիոհամակարգերի արտադրության ոլորտը, ռադիոկապի ապահովման լուծումներն ու ներդրումային հնարավորությունները:
Նախատեսվում են նաեւ իսպանական ընկերության պատվիրակության մի շարք այլ հանդիպումներ ինչպես շահագրգիռ գերատեսչությունների, այնպես էլ մասնավոր հատվածի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:




























