Ռուսաստանից ակնկալվող վարկերի չեղարկման մասին առայժմ պետք չէ մտահոգվել: Այս մասին հունվարի 20-ին Կառավարության նիստից հետո հայտնել է հանրապետության ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ մեկնաբանելով ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պետք է ժամանակավորապես դադարեցնի վարկերի տրամադրումը:

Այն հարցին, արդյոք Ռուսաստանի կողմից արդեն հաստատված վարկերի չեղարկման վտանգ կա՝ Սաֆարյանը նշել է . «2016 թ պետբյուջեում ամրագրելով 2.2 տոկոսի աճ՝ ՀՀ Կառավարությունը հիմք է վերցրել Ռուսաստանի համար ամենավատատեսական սցենարը՝ 0.7 տոկոսի աճը: Եթե Ռուսաստանը վերանայի իր ցուցանիշները, իսկ պաշտոնական վերագնահատում դեռ չկա, մենք էլ ստիպված կլինենք մերը վերանայել:

Հիշեցնենք, որ 2016 թ. պետբյուջեում նախատեսված է 100 մլն դոլարի չափով վարկի ստացում Եվրասիական հակաճգնաժամային հիմնադրամից ( 2015-17թթ 300 մլն դոլարի վարկային գծի շրջանակում՝ բյուջետային ծախսերը փակելու համար): Ակնկալվում է նաեւ ֆինանսավորում ՝ Հայկական ԱԷԿ-ի վերաարդիականացման մասին համաձայնագրով ( 270 մկն դոլարի վարկային գիծ ու 30 մլն դոլարի դրամաշնորհ): Երկու համաձայնագրերն էլ արդեն վավերացված են: Ձեռք է բերվել նաեւ սպառազինման համար 200 մլն դոլարի արտոնյալ վարկի մասին պայմանավորվածություն: