Գլոբալ տնտեսության մեջ ներքաշված տարածքով եւ բնակչությամբ փոքր Հայաստանը լուրջ ռիսկերի է ենթակա:  Դրանք կանխորոշվում են կարեւորագույն ապրանքների (այդ թվում` ցորենի եւ էներգակիրների) ներմուծումից երկրի չափազանց կախվածությամբ, արտահանման մեջ հումքի մեծ մասնաբաժնով, արտաքին առեւտրում հսկայական բացասական սալդոյով եւ այլն:  Թվարկվածին հավելվում է Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտներից ստացվող տրանսֆերտների խնդիրը: Խնդիրները շատ են, այդ պատճառով ուշադրություն դարձնենք դրանցից սոսկ մեկին` արտահանմանը:

Արտահանման մեջ հումքի բարձր մասնաբաժինը ակնառու կերպով երեւում է ընդամենը մեկ օրինակով: 2014 թվականի տվյալների համաձայն (2015-ինը առայժմ հրապարակված չեն), մեր արտահանման գրեթե 16 տոկոսը ապահովում էր մի քանի հարյուր ապրանքային խմբերից ընդամենը մեկը`«պղնձի հանքանյութը եւ խտանյութը»:

Եթե հաշվի առնենք նաեւ այլ մետաղները (հիմնականում նույն հանքանյութի եւ խտանյութի տեսքով), անհամաչափությունները զգալիորեն աճում են: Մեր արտահանման վերին հորիզոնականներում պատրաստի ապրանքներից առկա են միայն ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքներ:  Դրանց պարբերաբար հավելվում է բուսաբուծության արտադրանքը, որի բերքահավաքը շատ առումներով կախված է բնության քմահաճույքներից:

Ինչպես հայտնի է, աշխարհում հումքի եւ էներգակիրների շատ տեսակների խոշորագույն սպառողը Չինաստանն է: 

Նրա տնտեսության  նվազագույն փոփոխություններն անմիջապես արտացոլվում են միջազգային ապրանքային եւ ֆոնդային բորսաներում, նույնիսկ եթե խոսքը մեկ տոկոսից էլ փոքր չափաբաժնի մասին է:  

Օպերատիվ տվյալների համաձայն, անցյալ տարի Չինաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է   6,9 տոկոս, ինչը 0,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ տեղեկությունը կարող է ավելի իջեցնել նավթի, ինչպես նաեւ հումքի այլ տեսակների (այդ թվում նաեւ` մետաղների) գները: Իմիջիայլոց, որոշ արտասահմանյան փորձագետներ համարում են, որ Չինաստանը կանխամտածված մեծացնում է պաշտոնական տվյալները: Այսինքն իրավիճակը կարող է ավելի վատ լինել:   

Նշենք, որ պղնձի համաշխարհային գների դինամիկան, չնայած կարճաժամկետ տատանումներին, դեռեւս 2011-ից բնութագրվում է հստակ վարընթաց միտումով:   Մեր արտահանողները ջանում են հանքանյութի եւ խտանյութի գների անկումը փոխհատուցել առաքումների ֆիզիկական ծավալի աճով:  Անցյալ տարվա հունվար-հունիսին պղնձի հանքանյութի եւ խտանյութի միջին մաքսային արժեքը նվազել էր գրեթե 14 տոկոսով, իսկ ըստ տոննաժի արտահանումն ավելացել է  1,6 անգամ:

Բայց այդ հնարքը կարող է կորցնել իր ազդեցությունը, եթե պղնձի համաշխարհային գները շարունակեն անկում ապրել, իսկ պահանջարկը կրճատվի:  Հեղինակավոր   Moody's գործակալության կանխատեսմամբ, ընթացիկ տարում գունավոր մետաղների գները ճնշման տակ կմնան Չինաստանում եւ Բրազիլիայում տնտեսական աճի դանդաղելու հետեւանքով:

Ինչ վերաբերում է հայկական կոնյակին, որն արտահանման չափերով առաջատար եռյակի մեջ է մտնում, այստեղ շատ բան կախված է դրա հիմնական ներմուծողից` Ռուսաստանից:  Այդ երկրում մեր կոնյակի սպառողների հիմնական կազմը միջին դասակարգի ներկայացուցիչներն են, որոնց ֆինանսական դրությունը զգալիորեն վատացել է եւ ընթացիկ տարում բարելավման հույսեր չկան: Այսինքն անհրաժեշտ է իրացման այլ արտաքին շուկաներ փնտրել, ինչով էլ զբաղված են գործարարները:  

Որպես ամփոփում նշենք, որ վերջերս Հայաստանի վարչապետի որոշմամբ Արտահանման աջակցության խորհուրդ է ստեղծվել: Բարի մտադրությունների թվում նշված է այնպիսի ապրանքների արտահանմանը աջակցությունը, ինչպիսիք են գինին, պտղային օղին, պահածոները, մսամթերքը եւ ձկնամթերքը: Մի քիչ ուշացած որոշում է, արդյունքն էլ կասկածելի է, եթե հաշվի առնենք նման նախագծերի ողբալի ճակատագիրը:  

Սմբատ Գրիգորյան