Ցանկացած բնագավառում եթե ուզում ես ինչ որ արդյունքի հասնել, կողքից միջամտությունները ազդեցություն թողնելու են։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան  Վարդանյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե   որքանով է իրեն հաջողվել        քաղաքական որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն ունենալ կոալիցիոն կառավարությունում։

Նշենք, որ ՀՅԴ-ի եւ  ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին խոսելիս՝ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ կոալիցիան կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե ունենալու ես քաղաքական որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն, համակարգային փոփոխությունները իրականացնելու հնարավարություն։

«Ես կարծում եմ, որ միջամտություն չպետք է լինի, եթե ոլորտը վստահում են, պիտի թողնեն ինքնուրույն աշխատել, եթե միջամտություններ շատ լինեն, ազդեցություն էլ կունենա»,-ասաց նախկին նախարարը։

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարին լավ է վերաբերում Վարդան Վարդանյանը, ասաց՝ կարելի է, բայց վստահ չէ՝ եթե կոալիցիայի որոշում լինի,  ինքը կհամալրի նախարարացուների ցանկը, թե ոչ։

«Եթեներով չխոսենք, քննարկումներ են, դեռ ոչինչ հայտնի չէ։ Վերջիվերջո բոլորն էլ մի նպատակ ունեն՝ հնարավորինս կարճ ժամկետում երկիրն այս վիճակից հանել, լավ հզոր կայացած պետություն ունենալ»,-նշեց մեր զրուցակիցը։  Բայց թե ինչ է հաջողվել իր նախարարության տարիներին (2008-2012) իրականացնել, նա չթվարկեց։ «Չի կարելի ասել, որ ոչ մի փոփոխություն չի լինի, բնականաբար եթե ակնկալիքներ  կան, չենք ասում՝ կարճ ժամանակահատվածում կփոխվի, դա անհնարին է, ինչ է, դրական փոփոխություններ չե՞ն եղել»։

Դիտարկմանը, թե կոռուպցիոն սկանդալ եղավ հենց իր ղեկավարած նախարարությունում, քրեական գործեր հարուցվեցին, ինչը ցույց տվեց, որ կոալիցիոն գործընկերները ոչ թե ծանր իրավիճակն են շտկում՝ իշխանության հետ համագործակցությամբ, այլ ծանր իրավիճակ ստեղծում, նախկին նախարարը հիշեց, որ ճանապարհին է եւ իրեն հարմար չէ խոսել։