Երեք տարի առաջ գազատար խողովակների պայթյունի պատճառով տնից զրկված Արարատի մարզի Այնթափ գյուղից Պետրոսյանների ընտանիքը նամակ է գրել ՀՀ նախագահին` խնդրելով վերահսկողության տակ առնել իրենց` «Գազպրոմ Արմենիայի» դեմ ներկայացված քաղհայցի քննությունը: NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշեց, որ դատական նիստերն անհասկանալի պատճառներով  միշտ հետաձգվում են:

«Պարզից էլ պարզ է, որ դատարանը կողմնակալություն է անում, հասկանալի է, որ Հայաստանի խոշոր հարկատուն է, մենք էլ հասարակ գյուղացի ենք, ուրեմն նշանակում է, որ պետք է 3 տարի այս գործը քննության փուլում մնա՞ , մենք էլ վարձով ապրենք»,-ասաց Արտակ Պետրոսյանը:

Նրա խոսքով, եթե նախագահին ուղղված իրենց նամակը կրկին մնա անպատասխան, ընտանիքի անդամները կրկին նստացույց կսկսեն Բաղրամյան 26-ի դիմաց:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշել էր, որ ճարտարագիտատեխնիկական փորձաքննությամբ էլ է պարզվել, որ ապացուցվել է, որ տունը պայթել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից շահագործվող ապօրինի գազի գծի պատճառով: 

Նշենք, որ Պետրոսյանների ընտանիքը «Գազպրոմ Արմենիայից» գումար եւ բնակարան է պահանջել որպես փոխհատուցում, քանի որ 2013թ. Պետրոսյանների տունը պայթել էր տան տակով անցնող պլաստմասե գազատար խողովակների պատճառով: Ծխախոտի կայծից առաջացած պայթյունից տունը փլուզվել էր, դարձել բնակվելու համար անպիտան, իսկ տան բնակիչ` 28-ամյա Արտակը, 2-րդ կարգի հաշմանդամ էր դարձել: 

Ընտանիքը դեռ ոչ մի փոխհատուցում չի ստացել, քանի որ գործը 1 տարի է` քննության փուլում է: