«Արմավիր» ՔԿՀ-ում հունվարի 4-ին մահացած 21-ամյա Անզոր Կարապետյանի փաստաբան Կարեն Ղոնյանը տղայի պահվածքում ոչ մի արտառոց բան չի նկատել: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ Անզոր Կարապետյանին վերջին անգամ տեսել է կալանքի միջնորդության քննարկման օրը, նա հանգիստ վիճակում է եղել:
«Ինքը հավասարակշռված տղա էր, բայց այս պահին ոչ հակված եմ ինքնասպանության վարկածին, ոչ ինքնասպանություն հասցնելու: Երբ կստանանք փորձագիտական եզրակացությունը, հնարավոր կլինի կարծիք հայտնել: Մեզ համար էլ շատ բան կա, որ պարզ չէ»,- ասաց Կարեն Ղոնյանը` նշելով, որ ինքը նախընտրում է սպասել քննության ընթացքին:
Փաստաբանը նշեց, որ Անզոր Կարապետյանի դեմ սպանության փորձի, ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել:
«4 հոգով իրեն 4 ծեծի են ենթարկել, ինքն էլ ինքնապաշտպանվել է»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանը գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել, որը չի ընդունվել պատճառաբանությամբ, որ առանձնապաես ծանր հանցագործություն է կատարվել: Մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՔՕ 110 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Հիշեցնենք, որ Անզոր Կարապետյանի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: 2016 թ. հունվարի 11-ին նրա հարազատները դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, պատմել, որ հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ից իրենց հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել, մինչդեռ իրենք այդ վարկածին չեն հավատում, քանի որ 21-ամյա տղայի մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ներքին օրգանները վնասված են եղել:
Անզոր Կարապետյանը մահանալուց ժամեր առաջ է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նա 2015 թ. դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում մասնակցել է ծեծկռտուքի, ինչից հետո ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետեւ՝ 2016 թ. հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորել եւ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:




























