«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունվարի 14-ից իրեն մենախուց տեղափոխելու պահանջով հացադուլ, իսկ հունվարի 19-ից` ջրադուլ սկսած Հայկ Կյուրեղյանը մենախցից բանտախուց է տեղափոխվել դատապարտյալների եւ կալանավորների թվաքանակի փոփոխության պատճառով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ՔԿՀ-ներում բանտախցերի գերծանրաբեռնվածության խնդիր կա, եւ այդ պատճառով է, որ Հայկ Կյուրեղյանը մենախցից տեղափոխվել է ընդհանուր բանտախուց։ Ըստ Քրեակատարողական վարչության` դատապարտյալների եւ կալանավորների թիվն ամեն օր փոխվում է, եւ նրանց այլ բանտախցեր տեղափոխելու անհրաժեշտություն է առաջանում:
«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, այլ կարծիք ունի։
NEWS.am–ի հետ զրույցում նա նշեց, որ սա հատուկ արված քայլ է` ուղղված Հայկի դեմ: Ըստ նրա` իր որդու նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ այդ պատճառով էլ նրան մենախցից տեղափոխել են բանտախուց, որտեղ քրեական աշխարհի ներկայացուցիչներ կան, խուցը փոքր է, պայմանները` սարսափելի:
Արմենակ Կյուրեղյանի պնդմամբ` Հայկն արդեն 3-րդ օրն է` ջրադուլի մեջ է, եւ ՔԿՀ ինֆորմացիան, թե նա հունվարի 19-ից է ջրադուլ հայտարարել, չի համապատասխանում իրականությանը: Արմենակ Կյուրեղյանի խոսքով, Հայկը ծայրահեղ ծանր վիճակում է եւ եթե կարճ ժամանակահատվածում նրա պահանջը չբավարարվի, ապա ջրադուլը նրա առողջության վրա կարող է անդառնալի հետք թողնել:
Նշենք, որ Հայկ Կյուրեղյանը 2015թ. նոյեմբերի 17-ին հացադուլ էր հայտարարել, որ շարունակվել էր 27 օր։ Նրա պահանջը` իրեն մենախուց տեղափոխել, կատարվել էր: Սակայն հունվարի 14-ին Հայկ Կյուրեղյանին կրկին տեղափոխել են այլ պատժախուց, որտեղ բացի նրանից կան նաեւ այլ դատապարտյալներ:




























