Էրեբունի համայնքի 38-ամյա բնակչին հունվարի 17-ին իր խանութի պարտքի դիմաց առեւանգելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել առերևույթ հանցագործություն կատարած անձանց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրեբունի համայնքի 38-ամյա բնակչին հունվարի 17-ին իր խանութի պարտքի դիմաց առեւանգել էին: Նախնական տեղեկություններով նրան հրավիրել էին մեքենայի մեջ զրույցի, շարժվել էին Նոր Արեշի ուղղությամբ, որտեղ  մի ավտոտնակում իրեն  մեկ օր պահել են`սպառնալով, որ բաց չեն թողնի մինչեւ պարտքը չստանան: