Լոռու մարզի Կուրթան գյուղում անցած տարվա օգոստոսին սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը:
«Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի եզրակացությունը դեռ չկա»,- ասաց Կարեն Թումանյանը:
Նրա խոսքով՝ դեռեւս առերեսում տեղի չի ունեցել գործով մեղադրյալի եւ սպանված պատանու հարազատների միջեւ:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:
Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:
Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում:




























